Հայաստանում աշխատանքի թույլտվություն (2024)
Այս հոդվածը թարմացվել է

Հայաստանի Հանրապետությունում աշխատելու համար օտարերկրացուն անհրաժեշտ է ստանալ աշխատանքի թույլտվություն՝ բացառությամբ միջազգային պայմանագրով նախատեսված դեպքերի (օրինակ՝ ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիներ)։ Օտարերկրացիները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հավասար օգտվուն են իրենց աշխատանքային իրավունքներից՝ պահպանելով օրենսդրությամբ սահմանված սահմանափակումները։
ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից իրականացված վերջին տվյալների համաձայն ՀՀ-ում աշխատում է ավելի քան 23,700 օտարերկրացի, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին Հայաստանը դարձել է բնակություն հաստատելու համար ամեաբարենպաստ երկրներից մեկը՝ կարելի է եզրակացնել, որ այդ թիվը բազմակի անգամներ աճել է (վերջին երկու տարիների տվյալներն ամփոփող հետազոտություններ դեռևս չեն կատարվել)։ Հայաստանը մի շարք օրենսդրական բարեփոխումների միջոցով էլ ավելի դյուրին է դարձրել օտարերկրացիների համար Հայաստանում աշխատանքային գործունեություն ծավալելը, և բացի այդ՝ ՀՀ-ն ոչ միայն իր քաղաքացիներին, այլ նաև օտարերկրացիներին ապահովում է կյանքի կենսապայմանների և անվտանգության բարձր մակարդակով, կարիերային աճի հնարավորությամբ և երաշխավորում է աշխատաշուկայում մրցունակ աշխատավարձ (օրինակ 2023թ․-ի տվյալներով ՀՀ-ում ամսական միջին աշխատավարձը կազմում է 265,000 ՀՀ դրամ, իսկ Հնդկաստանում՝ 160,000 ՀՀ դրամ)։
Այսպիսով՝ ձեռնարկատիրական գործունեության նախաձեռնման համար նախատեսված շահավետ առաջարկներով, կյանքի կենսապայմանների բարձր մակարդակով և մրցունակ աշխատավարձի ապահովմամբ՝ Հայաստանն այժմ հանդիսանում է խոստումնալից երկիր այն բոլոր օտարերկրացիների համար, ովքեր ձգտում են նոր հնարավորությունների բացահայտմանը և կյանքի որակի բարելավմանը։
Հակիրճ նկարագրություն
Հայաստանի Հանրապետությունում աշխատելու համար օտարերկրացուն անհրաժեշտ է ստանալ աշխատանքի թույլտվություն։
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված են մուտքի վիզաների հետևյալ տեսակները՝ այցելության մուտքի վիզա, պաշտոնական մուտքի վիզա, դիվանագիտական մուտքի վիզա, տարանցիկ մուտքի վիզա։ Աշխատանքային գործունեություն կատարելու և տնտեսական գործունեություն ծավալելու նպատակով օտարերկրացիներին տրամադրվում էայցելության մուտքի վիզա մինչև մեկ տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի համար։
«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքը նախատեսում է 2 տասնյակի հասնող հիմքեր՝ առանց աշխատանքի թույլտվության Հայաստանի Հանրապետությունում աշխատելու համար։ Այսպես՝ Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրերի ուժով աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից ազատված են ԵԱՏՄ անդամ պետության քաղաքացի հանդիսացող օտարերկրացիները։ Օտարերկրացի աշխատողների ներգրավման միասնական էլեկտրոնային հարթակը ԵԱՏՄ անդամ պետության քաղաքացիություն ունեցող օտարերկրացու գրանցման համար նախատեսում է հատուկ ընթացակարգ։
Հակիրճ նկարագրություն
Աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից ազատված են ԵԱՏՄ անդամ պետության քաղաքացի հանդիսացող օտարերկրացիները։
Աշխատանքի թույլտվության համար կարող են դիմել ինչպես օրինական հիմունքներով Հայաստանի Հանրապետությունում գտնվող, այնպես էլ վերջինիս սահմաններից դուրս գտնվող օտարերկրացիները, որոնց մասնագիտական և անձնական որակները համապատասխանում են գործատուի կողմից առաջարկվող աշխատանքի պահանջներին։
Օտարերկրացի աշխատող ներգրավելու նպատակով գործատուն միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմնի կողմից վարվող միասնական էլեկտրոնային հարթակում լրացնում է համապատասխան հայտ։ Էլեկտրոնային հարթակում հայտի լրացումը բաղկացած է իրար հաջորդող 3 փուլերից՝ գործատուի գրանցում հարթակում, թափուր աշխատատեղի նոր նկարագրի ստեղծում և օտարերկրացիների տվյալների մուտքագրում։ Երկրորդ և երրորդ փուլերը եզրափակվում են պետական մարմնի որոշմամբ և սահմանափակված են սեղմ ժամկետներով։ Ընդ որում՝ 3-րդ փուլում՝ օտարերկրացու տվյալները հարթակ մուտքագրելուց հետո, ԱԱԾ-ն և ոստիկանությունը 5 աշխատանքային օրվա ընթացքում տալիս են եզրակացություն՝ օտարեկրացուն հայցվող կարգավիճակի տրամադրման վերաբերյալ։ Եթե նախատեսված ժամկետում վերջիններս եզրակացություն չեն տալիս, ապա եզրակացությունը համարվում է դրական։
Հակիրճ նկարագրություն
Օտարերկրացի աշխատող ներգրավելու նպատակով գործատուն միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմնի կողմից վարվող միասնական էլեկտրոնային հարթակում լրացնում է համապատասխան հայտ։
Վերևում նկարագրված գործընթացն իրականացվում է հենց գործատուի կողմից, և բոլոր փուլերի բարեհաջող ավարտից հետո վերջինս օտարերկրացու հետ կնքվում է աշխատանքային (ծառայությունների մատուցման) պայմանագիր։ Աշխատանքային (ծառայությունների մատուցման) պայմանագիրը կնքվում է տրամադրված ժամանակավոր կացության կարգավիճակի քարտի կամ հանրային ծառայությունների համարանիշի առկայության դեպքում, բացառությամբ այն դեպքերի, երբ օտարերկրացու համար չի պահանջվում ունենալ նման փաստաթղթեր։
Գործընացը պատշաճ և որակով իրականացնելու համար անհրաժեշտ է որոշակի իրավական նորմերի իմացություն և կիրառում, պետական մարմինների հետ հաղորդակցման հմտություն և փորձ, ինչպես նաև անհրաժեշտ փաստաթղթերի հավաքում և ներկայացում, որի իրականացումն առանց իրավաբանական ընկերության աջակցության կարող է լուրջ բարդություններ առաջացնել պրակտիկայում։
Էլեկտրոնային հարթակում գործատուի կողմից աշխատանքի նկարագրի ներբեռնումից հետո Հայաստանի Հանրապետության Միգրացիոն ծառայությունը ուսումնասիրում է Հայաստանի Հանրապետության աշխատաշուկայի պահանջները և հնարավորության դեպքում գործատուին առաջարկում է համալրել աշխատատեղը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներով։ Եթե նման թեկնածուներ առաջարկվում են Միգրացիոն ծառայության կողմից, ապա բոլոր դեպքերում գործատուն կարող է մերժել ներկայացված թեկնածությունները։ Թեկնածությունների բացակայության կամ դրանց մերժումից հետո գործատուն կարող է արդեն դիմել օտարերկրացու համար աշխատանքի թույլտվություն տրամադրելու խնդրանքով։
Օտարերկրացուն տրամադրված մուտքի վիզան ուժը կորցրած է ճանաչվում, եթե նա աշխատանքի է անցել Հայաստանի Հանրապետությունում առանց աշխատանքի թույլտվության, բացառությամբ առանց աշխատանքի թույլտվության աշխատելու օրենքով նախատեսված դեպքերի:
Աշխատանքի թույլտվությունն օտարեկրացուն տալիս է Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու, ինչպես նաև հետագայում նույն հիմքով կացության կարգավիճակը երկարաձգելու հնարավորություն։
«Օտարերկացիների մասին» ՀՀ օրենքով ուղղակիորեն նախատեսված չեն աշխատանքի թույլտվության տրամադրման ուժը կորցրած ճանաչելու հիմքեր, սակայն սահմանվում են աշխատանքի թույլտվության հիմքով ստացած կացության ժամանակավոր կարգավիճակը ուժը կորցնելու սպառիչ հիմքեր։
Անհրաժեշտ փաստաթղթեր
Գործատուն հարթակում մուտքագրում է հետևյալ տվյալները՝
օտարերկրացու անձնական տվյալները,
անձնագրի լուսապատճենը, դրա նոտարական թարգմանությունը,
գործատուի կողմից համապատասխան օտարերկրացուն աշխատանքի ընդունելու պարտավորությունը հավաստող փաստաթղթի լուսապատճենը,
կրթությունը հաստատող փաստաթղթի լուսապատճենը,
ՀԾՀ կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանքի համարանիշը (եթե առկա է),
գունավոր լուսանկարը՝ 35*45 մմ չափի,
պետական տուրքը վճարված լինելու փաստը հավաստող փաստաթղթի լուսապատճենը (վճարման անդորրագիր) կամ կատարում է նշում հարթակի համապատասխան դաշտում՝ պետական տուրք վճարելուց ազատված լինելու մասին կամ պետական տուրքի վճարումն իրականացնում է հարթակի միջոցով։
Ինչպե՞ս վճարել
Աշխատանքի թույլտվություն ստանալու համար պետական տուրքեր նախատեսված չեն։ Սակայն Հայաստանի Հանրապետությունում կացության ժամանակավոր կարգավիճակ ստանալու համար նախատեսված է պետական տուրք՝ 105․000 ՀՀ դրամի չափով։ Առանձին կարգավիճակ ունեցող անձանց կամ գործունեության տեսակով պայմանավորված (օրինակ՝ մանկավարժ, դասախոս)՝ առկա են պետական տուրքի վճարումից ամբողջությամբ կամ մասնակի ազատող արտոնություններ։
Գործընթացը ներառում է նաև փաստաթղթերի նոտարական թարգմանության, վավերացման և այլ ընթացիկ ծախսեր։
Հակիրճ նկարագրություն
Աշխատանքի թույլտվություն ստանալու համար պետական տուրքեր նախատեսված չեն։
Աշխատանքի թույլտվություն ստանալու գործընթացը տևում է մոտավորապես 1 ամիս՝ պայմանավորված առանձին փուլերում կատարվելիք գործողություններով։
Աշխատանքի թույլտվություն տրամադրելու մերժման հիմքերը նախատեսվում են օրենքով։ Դրանք են՝
Հայաստանի Հանրապետության աշխատաշուկայի վիճակը վերջինիս վերլուծության հիման վրա թույլ չի տալիս այդ աշխատանքը, ներառյալ՝ այն դեպքերը, երբ աշխատատեղը հնարավոր է համալրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներով,
տվյալ աշխատանքը կատարելու համար Հայաստանի Հանրապետության օրենքներով պահանջվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
պահանջվող տեղեկատվությունը կամ փաստաթղթերը կեղծված են,
գործատուն, որի մոտ պետք է աշխատի տվյալ օտարերկրացին, նախկինում խախտել է օտարերկրացիներին աշխատանքի ընդունելու պահանջները,
գոյություն ունեն Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը սպառնացող պատճառներ։
Միգրացիոն ծառայությունն ուժը կորցրած է ճանաչում աշխատանքի թույլտվություն ստանալու հիմքով տրամադրված ժամանակավոր կացության կարգավիճակը, եթե նշված հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու պահից 15 աշխատանքային օրվա ընթացքում օտարերկրացու հետ չի կնքվել աշխատանքային (ծառայությունների մատուցման) պայմանագիր։
Հայաստանում աշխատանքի թույլտվություն ստանալու համար նախ անհրաժեշտ է ապահովել աշխատանքի առաջարկ: Աշխատանքի ընդունվելուց հետո ձեր գործատուն կզբաղվի ձեր աշխատանքի թույլտվություն ստանալու գործընթացով և կաջակցի ձեր կացության քարտի համար դիմելու հարցում: