Ինչպես ձեռք բերել Հայաստանի քաղաքացիություն (2024)
Այս հոդվածը թարմացվել է

Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության տվյալների՝ 2024 թվականի հունվար ամսին Հայաստան է այցելել ավելի քան 154 000 զբոսաշրջիկ, որը ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն 48,4 տոկոսով ավելի շատ է, քան 2022 թվականին։ Զբոսաշրջության աճը պայմանավորված է Հայաստանի՝ որպես զբոսաշրջային հանրաճանաչ վայրի աճող համբավով՝ հարուստ պատմության, մշակույթի և տեսարժան վայրերի շնորհիվ։ Նշենք նաև այն մասին, որ 2022/23 ուսումնական տարում կրթություն ստանալու համար Հայաստանում բնակություն է հաստատել ավելի քան 2072 հնդիկ, 1237 ռուս, 808 վրացի և 300 իրանցի ուսանող։ Հետաքրքրական է այն հանգամանքը, որ կրթություն ստացող օտարերկրացիների մեծ մասը ներկայացրել են նատուրալիզացիայի կամ ծնունդի հիմքով Հայաստանի քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումներ, որի նպատակն է՝ ազատորեն օգտվել հայկական անձնագրի առկայության հիմքով տրվող մի շարք առավելություններից։ Հասկանալու համար, թե ինչու են բավական մեծ թվով օտաերկրացիներ հավակնում ՀՀ քաղաքացիություն ստանալու, տեղեկացնենք, որ ի տարբերություն օրինակ՝ Ֆրանսիայի, որը քաղաքացիությունը ստանալու համար պահանջում է առնվազն 5 տարվա մշտական բնակություն, կամ Գերմանիայի, որը պահանջում է 8 տարվա մշտական բնակություն՝ Հայաստանում այս ցենզն ընդամենը 3 տարի է։
2023 թվականի ինդեքսային վիճակագրության համաձայն՝ աշխարհի «ամենահզոր» և առավելություններով հարուստ անձնագրերի շարքում հայկական անձնագիրը զբաղեցնում է 59-րդ տեղը, հետևում թողնելով անգամ Հնդկաստանին և Մարոկկոյին։ Ցավոք, պետք է նշենք, որ հայկական անձնագրի տրամադրման համար ներկայացվող պահանջների աճի և որոշակի անհրաժեշտ ռեսուրսների բացակայության պատճառով՝ ՀՀ քաղաքացիության շնորհման ընթացքը տևում է բավական երկար։ Հավելենք նաև, որ այս առումով նախաձեռնվել են որոշակի միջոցառումներ, որոնց համաձայն՝ միևնույն անձը 30 օրվա ընթացքում չի կարող գրանցվել քաղաքացիություն ստանալու համար ավելի քան 2 անգամ:
Հակիրճ նկարագրություն
ՀՀ քաղաքացիություն ստանալու համար սահմանված բնակության ցենզն ընդամենը 3 տարի է։
Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել.
Դիմում-հարցաթերթը, որը մասնավորապես պարունակում է հետևյալ տեղեկությունները՝
Անուն, ազգանուն և հայրանուն,
Ծննդյան տարի, ամիս, օր և վայր,
Տվյալ պահին անձի քաղաքացիական կարգավիճակը,
Առնչություն զինվորական ծառայության հետ, Մերձավոր ազգականների վերաբերյալ որոշ տվյալներ,
Բնակության վայր,
Կոնտակտային տվյալներ։
2. Բնակության հիմքով քաղաքացիություն ստանալու համար դիմելու դեպքում դիմում-հարցաթերթը դիմումատուն լրացնում է անձամբ՝ դիմումը ներկայացնելու պահին՝ ի հավաստումն հայերեն լեզվի իմացության։
3. Օտարերկյա պետության կողմից տրված անձնագիրը և դրա պատճենը (քաղաքացիություն չունեցող անձը` իր վկայականը և դրա պատճենը, փախստական ճանաչված անձը՝ ճամփորդական փաստաթուղթը և դրա պատճենը),
4. 35 x 45 մմ չափի 6 լուսանկար (գունավոր),
5. Ծննդյան վկայականն ու դրա պատճենը,
6. Ամուսնության վկայականն ու դրա պատճենը, եթե քաղաքացիության ձեռքբերումը կատարվում է ամուսնության հիմքով, ինչպես նաև բոլոր այլ հիմքերով քաղաքացիություն ստանալու դեպքում, եթե դիմումատուն ամուսնացած է և կրում է ամուսնու ազգանունը,
7. Ամուսնու անձնագիրը և դրա պատճենը կամ տեղեկանք ամուսնու քաղաքացիության մասին, եթե քաղաքացիության ձեռքբերումը կատարվում է ամուսնության հիմքով, ինչպես նաև բոլոր այլ հիմքերով քաղաքացիություն ստանալու դեպքում, եթե դիմումատուն ամուսնացած է և կրում է ամուսնու ազգանունը,
8. Դիմումատուի երեխայի ծննդյան վկայականը և դրա պատճենը կամ զավակի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթը և դրա պատճենը, եթե քաղաքացիության ձեռքբերումը կատարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի զավակ ունենալու հիմքով,
9. Ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ, եթե քաղաքացիության ձեռքբերումը կատարվում է ազգության հիմքով,
10. Հայաստանում կացության կարգավիճակը կամ օրինական բնակությունը հաստատող փաստաթուղթը և դրանց պատճենները, եթե քաղաքացիության ձեռքբերումը կատարվում է բնակության հիմքով,
11․ Պետական տուրքի վճարման անդորրագիր:
Ընդ որում, բոլոր այն փաստաթղթերը, որոնք կազմված են օտար լեզվով, պետք է ներկայացվեն նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությամբ: Այն փաստաթղթերը, որոնք տրամադրված են այլ պետության իրավասու մարմնի կողմից, պետք է միջազգայնորեն վավերացված լինեն՝ ապոստիլի կամ փաստաթղթի միջազգային վավերացման այլ մեխանիզմի միջոցով՝ կախված այդ պետության հետ գործող միջազգային համաձայնագրերի կարգավորման։ Մի շարք երկրների հետ Հայաստանը ունի պարեզված օրինականացման ընթացակարգ, ինչի շնորհիվ այդ երկրներից ներկայացվող փաստաթղթերը ապոստիլով կամ այլ մեխանիզմով վավերացնելու անհրաժեշտություն առկա չէ։
Հակիրճ նկարագրություն
ՀՀ քաղաքացիությունը ձեռք է բերվում ազգության, ամուսնության կամ բնակության հիմքով, ընդ որում՝ յուրաքանչյուր դեպքում պահանջվող փաստաթղթերի ցանկը տարբերվում է։
Քաղաքացիություն ստանալու գործընթացը հնարավորինս հարմարավետ և ճկուն կազմակերպելու նպատակով՝ ՀՀ օրենսդրությունը ընձեռնում է հնարավորություն Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար դիմումներ ներկայացնել անկախ գտնվելու վայրից։ Մասնավորապես.
Հայաստանում` ՀՀ կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն,
Օտարերկրյա պետությունում` Հայաստանի Հանրապետության դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ։
Ընդ որում՝ անկախ դիմումները ներկայացնելու վայրից Հայաստանի քաղաքացիություն ստանալու մասին դիմումն անձը ներկայացնում է անձամբ։
ՀՀ քաղաքացիություն ստանալու մասին դիմումների ընթացքի վերաբերյալ տեղեկությունները` 3-օրյա ժամկետում, ուղարկվում է դիմումատուի էլեկտրոնային փոստի հասցեով և (կամ) բջջային հեռախոսահամարներին` SMS հաղորդագրությամբ, եթե դիմումատուն հարցաթերթիկում կամավոր լրացրել է իր էլեկտրոնային փոստի հասցեն և (կամ) բջջային հեռախոսահամարը:
Դիմումատուն դիմումի ընթացքի վերաբերյալ կարող է տեղեկանալ նաև վարչության պաշտոնական ինտերնետային կայքի միջոցով` մուտքագրելով իրեն տրված անհատական ծածկագիրը: Անհատական ծածկագիրը տրվում է դիմումը վարչություն մուտքագրվելուց հետո դիմումատուի էլեկտրոնային փոստի հասցեով կամ բջջային հեռախոսահամարներին` SMS հաղորդագրությամբ ուղարկվող տեղեկության հետ միաժամանակ:
Քաղաքացիության ստանալու վերաբերյալ դիմումները քննարկվում են վեցամսյա ժամկետում:
Հաշվի առնելով օրեցօր ավելացող դիմումների քանակը՝ նոր կարգավորում է սահմանվել, և ներկայումս ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների ներկայացումը կարող է իրականացվել նաև էլեկտրոնային հերթագրման եղանակով։ Այսուհետ սպասարկումն իրականացվելու է բացառապես էլեկտրոնային հերթագրման եղանակով։
Հերթագրվելու համար անհրաժեշտ է մուտք գործել www.e-request.am հարթակ և այց ամրագրել անձնագրային և վիզաների վարչության քաղաքացիության բաժին ներկայանալու համար։
Հատկանշական է այն հանգամանքը, որ յուրաքանչյուր դիմումատու հերթագրման համար պետք է լրացնի բացառապես իր անհատական տվյալները, այլ անձանց տվյալներով հերթագրված դիմումատուները չեն սպասարկվելու։
Հակիրճ նկարագրություն
ՀՀ քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության քաղաքացիության բաժին, որի համար պետք է այց ամրագրել www.e-request.am հարթակի միջոցով։
Հայաստանի քաղաքացիություն ստանալու գործընթացքում առավել հաճախ ծագող հարցերից է՝
արդյո՞ք ՀՀ քաղաքացիություն ստացած անձը պարտավոր է անցնել զինվորական պարտադիր ծառայություն Հայաստանում, թե ոչ։
Այսպես, այն օտարերկրացիները, ովքեր ձեռք կբերեն Հայաստանի քաղաքացիություն, կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից, եթե մինչև ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելը առնվազն 12 ամիս ծառայել են այլ պետության զինված ուժերում։ Վերոնշյալ պայմանները գործում են նաև այն դեպքում, երբ օտարերկրացին պարտադիր զինվորական ծառայության փոխարեն ոչ պակաս, քան 18 ամիս անցել է այլընտրանքային զինվորական ծառայություն (բացառությամբ ՀՀ կառավարության կողմից սահմանված պետությունների)։ Հարկ է նշել, որ ի տարբերություն պարտադիր զինվորական ծառայություն սահմանող մի շարք երկրների, Հայաստանում սահմանված են համեմատաբար ավելի կարճ ժամկետներ (ՀՀ՝ 24 ամիս, Թուրքմենստան՝ 30 ամիս, Բելառուս, Եգիպտոս, Վիետնամ ՝ 36 ամիս, Իսրայել՝ 48 ամիս) և պարտադիր զինվորական հաշվառման ենթակա անձանց առավելագույն տարիքի ավելի նվազ շեմ (ՀՀ՝ մինչև 27 տարեկան, Նորվեգիա՝ մինչև 35 տարեկան, Սիրիա՝ մինչև 42, Բրազիլիա, Հունաստան՝ մինչև 45 տարեկան, Ավստրիա՝ մինչև 50 տարեկան)։ Այսինքն՝ 27 տարին լրացած ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած տղամարդիկ չեն անցնում ժամկետային պարտադիր զինվորական ծառայության։
Որպես ընդհանուր պահանջ պետք է նշել, որ պարտադիր զինվորական հաշվառման և զորակոչի ենթակա են միայն.
16-27 տարեկան, արական սեռի ներկայացուցիչ հանդիսացող ՀՀ քաղաքացիները,
մինչև 35 տարեկան առաջին խմբի պահեստազորի սպաները, ովքեր ճանաչվել են զինծառայության համար պիտանի` խաղաղ պայմաններում։
Զինվորական կոմիսարիատում հաշվառման ներկայանալու պարտականություն ունեն 50 տարին չլրացած արական սեռի ներկայացուցիչները։
ՀՀ քաղաքացիության ստացած անձի՝ զինվորական պարտադիր ծառայության վերոնշված կանոնները տարածվում են նաև ՀՀ երկքաղաքացիների նկատմամբ:
Հակիրճ նկարագրություն
Այն օտարերկրացիները, ովքեր ձեռք կբերեն Հայաստանի քաղաքացիություն, կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից, եթե մինչև ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելը առնվազն 12 ամիս ծառայել են այլ պետության զինված ուժերում կամ 18 ամիս անցել է այլընտրանքային զինվորական ծառայություն։
Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի պետք է ունենա գրանցման հասցե։ Եթե քաղաքացիություն ստանալու դիմումի մեջ նշվել է այլ երկրի հասցե, ապա այն կգրանցվի որպես քաղաքացու բնակության պաշտոնական հասցե։ ՀՀ-ում բնակության հասցեն գրանցելու համար անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ-ում բնակվելու փաստը հաստատող փաստաթուղթ՝ սեփականության իրավունքի վկայական, բնակելի տարածքի վարձակալության պայմանագիր կամ սեփականատիրոջ համաձայնություն: Եթե այդ փաստաթղթերից ոչ մեկը առկա չէ, ապա հարկավոր է դիմել ոստիկանության տարածքային բաժին, որպեսզի փաստացի ստուգում կատարվի և հաստատվի համապատասխան հասցեում օտարերկրացու իրական բնակվելու փաստը (ստուգման և բնակության վայրի հաստատման գործընթացը կարող է տևել առավելագույնը երկու շաբաթ):
Հակիրճ նկարագրություն
Գրանցման հասցե տրամադրելու համար ստուգման և բնակության վայրի հաստատման գործընթացը կարող է տևել առավելագույնը երկու շաբաթ։
Բացի թարգմանությունների, նոտարական վավերացումների համար պահանջվող վճարներից՝ սահմանված են կոնկրետ պետական տուրքի վճարներ, որոնք պարտադիր են ՀՀ քաղաքացիություն ստանալիս։
Ծառայության անվանումը | Պետական տուրքի չափը | |
Քաղաքացիության դիմում | 1000 ՀՀ դրամ | |
Սովորական անձնագիր | 1000 ՀՀ դրամ | |
Կենսաչափական անձնագիր | 25000 ՀՀ դրամ | |
Անձնագրի արագ տրամադրում | 1 աշխատանքային օրում | 20000 ՀՀ դրամ |
3 աշխատանքային օրում | 10000 ՀՀ դրամ | |
5 աշխատանքային օրում | 5000 ՀՀ դրամ | |
Գրանցման հասցե | 1000 ՀՀ դրամ |
Հակիրճ նկարագրություն
ՀՀ անձնագիր տրամադրելու համար կարող է գանձվել 3000-25000 ՀՀ դրամ։
Ի տարբերություն մի շարք այլ զարգացած երկրների՝ Հայաստանի քաղաքացիություն ձեռք բերելը չի առաջացնում որևէ հարկային պարտավորություններ, քանի որ Հայաստանի հարկային համակարգը հիմնված չէ քաղաքացիության սկզբունքի վրա։
Հայաստանում գործում են երկու տեսակի հարկեր՝ պետական (ԱԱՀ, շահութահարկ, եկամտահարկ և այլն) և տեղական (անշարժ գույքի հարկ, փոխադրամիջոցների գույքահարկ և այլն): Ուշադրության է արժանի այն փաստը, որ Հայաստանը, ի տարբերություն շատ այլ զարգացող և զարգացած պետությունների, ունի բազմաթիվ հարկային արտոնություններ և վարում է համեմատաբար մեղմ հարկային քաղաքականություն։ Օրինակ՝
Հայաստանում բացառվում է կրկնակի հարկման սկզբունքը, ինչը ենթադրում է, որ ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունների և ՀՀ քաղաքացի ֆիզիկական անձանց հարկերի գումարները նվազեցվում են համապատասխան հարկերի այն գումարների չափերով, որոնք այդ կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից գանձվել են օտարերկրյա պետություններում` այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան:
Շատ եվրոպական երկրների համեմատ Հայաստանն ունի ճկուն հարկային ռեժիմ։
Հակիրճ նկարագրություն
Ի տարբերություն մի շարք այլ զարգացած երկրների՝ Հայաստանի քաղաքացիություն ձեռք բերելը չի առաջացնում որևէ հարկային պարտավորություններ։
Լինում են դեպքեր, երբ անձը ներկայացնում է փաստաթղթերի ոչ ամբողջական փաթեթ։ Այս դեպքում անձնագրային և վիզաների վարչությունն անձին տալիս է հինգ օր ժամանակ, որպեսզի համալրի չներկայացված փաստաթղթերի ցանկը։ Առաջարկված ժամկետում բացակայող փաստաթղթերը չներկայացնելու դեպքում դիմումի ընթացքն օրենքով սահմանված կարգով կդադարեցվի և իրավական հետևանք չի առաջացնի անձի համար։ Անձի՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումը կարող է մերժվել, եթե անձն իր գործունեությամբ վնասում է կամ կարող է վնասել՝
պետական և հասարակական անվտանգությանը,
հասարակական կարգին,
հանրության առողջությանը և բարքերին,
այլոց իրավունքներին և ազատություններին,
պատվին և բարի համբավին:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումի մերժումը կարող է նաև չհիմնավորվել։ Անձին տրվում է վարչական դատարան բողոք ներկայացնելու հնարավորություն։
Դիմումի մերժման մասին դիմումատուն գրավոր ծանուցվում է հինգ աշխատանքային օրվա ընթացքում։
Այն դեպքում, երբ դիմումը մերժվում է, անձն ունի իրավունք մերժման օրից մեկ տարի անց նորից դիմելու ՀՀ քաղաքացիություն ստանալու համար՝ վերևում նկարագրված կարգին համապատասխան։
Հակիրճ նկարագրություն
Այն դեպքում, երբ դիմումը մերժվում է, անձն ունի իրավունք մերժման օրից մեկ տարի անց նորից դիմելու ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։
Երկքաղաքացիների իրավական կարգավիճակը ստեղծում է նրանց համար մի շարք առավելություններ, ինչպիսիք են տարբեր երկրներում ազատորեն ապրելու, աշխատելու, սեփականություն ձեռք բերելու իրավունքները։ Աշխարհում գոյություն ունեցող 195 պետություններից այժմ միայն 64-ն են ընդունում երկքաղաքացիության ինստիտուտը, որոնցից մեկն էլ հենց Հայաստանն է։
Հայաստանի երկքաղաքացի է համարվում այն անձը, որը ՀՀ քաղաքացիությունից բացի, ունի նաև այլ երկրի (երկրների) քաղաքացիություն:
Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին Հայաստանի Հանրապետության համար ճանաչվում է միայն որպես ՀՀ քաղաքացի, մասնավորապես՝ նրան տրվում են նույն իրավազորությունների շրջանակը, ինչ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու, բացառություն են կազմում որոշակի պաշտոններ զբաղեցնելու արգելքը։
Հակիրճ նկարագրություն
Հայաստանն ընդունում է երկաքաղաքացիությունը։
ՀՀ օրենսդրությամբ նախատեսվում է կոնկրետ հիմքերի առկայություն ՀՀ քաղաքացիության դադարեցման համար։ Յուրաքանչյուր անձ իրավունք ունի փոխելու իր քաղաքացիությունը և ձեռք բերելու այլ երկրի քաղաքացիություն՝ դադարեցնելով իր ՀՀ քաղաքացիությունից։
Կեղծ կամ սխալ փաստաթղթերի կամ կեղծ տվյալների հիման վրա քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում, եթե դրանց կեղծ կամ սխալ լինելը հիմնավորվել է օրենքով սահմանված կարգով, և արարքը կատարելու պահից չի անցել 5 տարի, ապա անձի քաղաքացիությունը դադարեցվում է։ ՀՀ կողմից վավերացված մի շարք միջազգային պայմանագրեր ևս կարող են նախատեսել Հայաստանի քաղաքացիության դադարեցման հիմքեր, օրինակ, եթե անձը ձեռք է բերում այնպիսի երկրի քաղաքացիություն, որը չի ընդունում երկքաղաքացիություն, ապա ստիպված է դուրս գալ Հայաստանի քաղաքացիությունից։
Քաղաքացիությունը փոխելը անձի իրավունքն է, սակայն ելնելով իրավաչափ շահերից, ՀՀ-ն սահմանում է կոնկրետ հիմքեր, որոնց առկայության դեպքում քաղաքացիությունը դադարեցնելու մասին անձի դիմումը կարող է մերժվել։ Այդ թվում, եթե՝
Անձը գտնվում է քրեական հետապնդման մեջ,
Անձի նկատմամբ առկա է դատարանի օրինական ուժի մեջ մտած և կատարման ենթակա դատավճիռ կամ վճիռ,
ՀՀ քաղաքացիությունից անձի դուրս գալը հակասում է ՀՀ ազգային անվտանգության շահերին,
Անձն ունի պետության հանդեպ չկատարված պարտավորություններ (օրինակ՝ դեռ չի անցել պարտադիր զինվորական ծառայություն և գտնվում է նախազորակոչային, զորակոչային տարիքում՝ 16-27 տարեկան է),
Անձը չունի այլ պետության քաղաքացիություն և մինչև ՀՀ Նախագահի կողմից քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հրամանագրի ստորագրումը չի ներկայացնում օտարերկրյա պետության իրավասու մարմնի տված գրավոր հավաստում (տեղեկանք) տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին:
Հակիրճ նկարագրություն
Քաղաքացիությունը փոխելը անձի իրավունքն է, սակայն ելնելով իրավաչափ շահերից, ՀՀ-ն սահմանում է կոնկրետ հիմքեր, որոնց առկայության դեպքում քաղաքացիությունը դադարեցնելու մասին անձի դիմումը կարող է մերժվել։
Հայաստանը, օժտված լինելով մարդասիրական նկատառումներով և կարևորելով մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը՝ հնարավորինս պարզեցրել է Հայաստանի քաղաքացիություն ստանալու պայմանները, ընթացակարգը և վերացրել է հնարավոր խոչընդոտները, սակայն գրեթե բոլոր դեպքերում առաջանում են որոշակի իրավական տարաձայնություններ և անճշտություններ։ Ուստի գործընթացը հնարավոինս առանց խոչընդոտների կազմակերպելու համար անհրաժեշտ է ներգրավել իրավաբանական գիտելիքներ և հմտություններին ունեցող անձանց, ովքեր արդյունավետորեն կպաշտպանեն ձեր իրավական շահերը և զերծ կպահեն հնարավոր բարդություններից։
Չնայած ՀՀ-ն նախատեսում է քաղաքացիության ձեռքբերման բավականին հասկանալի և ճկուն ընթացակարգ, այնուամենայնիվ, իրավաբանական հատուկ գիտելիքների առկայության դեպքում այս ամբողջ պրոցեսն առավել հեշտ և բարեհաջող կընթանա։
Հաշվի առնելով Գրիտարրես պրոֆեսիոնալ իրավաբանական գրասենյակի տարիների փորձը՝ մեր թիմը՝
բացահայտում է Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար առկա հնարավոր հիմքերը և ընդգծում, թե դրանցից որն է առավել արդյունավետ,
ՀՀ օրենսդրության պահանջների պահպանմամբ պատրաստում է անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը և դիմումը,
կազմակերպում է փաստաթղթերի թարգմանությունը և նոտարական վավերացումը կարճ ժամկետում,
ներկայացնում է Հայաստանի քաղաքացիություն հայցող անձի իրավունքները և շահերը քաղաքացիություն ստանալու ամբողջ գործընթացքում,
տրամադրում է խորհրդատվություն գործընթացի վերաբերյալ՝ բոլոր փուլերում։
Գրիտարրես պրոֆեսիոնալ իրավաբանական գրասենյակի ծառայություններից օգտվելը հեշտ է հատկապես օտարերկրացիների համար, քանի որ թիմի անդամները խոսում են 5 (հինգ) տարբեր լեզուներով։