Արման Գրիգորյանն ավագ իրավաբան է «Գրիտարրես» իրավաբանական ընկերությունում։
Մասնագիտական փորձ
2024 թվականի մարտ ամսից սկսած Արմանը միացել է մեր ընկերությանը՝ որպես ավագ իրավաբան։ Նրա աշխատանքը ներառում է ընկերության հաճախորդների շահերի ներկայացումը դատարաններում և այլ հանրային մարմինների առջև, դատավարական փաստաթղթերի կազմումը (հայցադիմումներ, հայցադիմումին պատասխաններ, միջնորդություններ, բողոքներ), իրավաբանական խորհրդատվության տրամադրումը և վերաբերելի իրավական հետազոտության իրականացումը։
2022 թվականի մայիսից մինչև 2024 թվականի մարտը Արմանն աշխատել է ՀՀ Սահմանադրական դատարանում՝ որպես ՀՀ ՍԴ փոխնախագահի օգնական։ Աշխատանքը ներառել է դատավորին օժանդակելը տարբեր իրավական ակտերի սահմանադրականության որոշման, դատական կազմերի, աշխատակարգային և ըստ էության որոշումների նախագծերի պատրաստման հարցերում, ՄԻԵԴ նախադեպային իրավունքի, Հայաստանի սահմանադրական, քաղաքացիական, վարչական, քրեական և դատավարական իրավունքների գծով մարդու իրավունքներին վերաբերող առանձին գործերի առնչությամբ իրավական հետազոտության իրականացումը։
Նշենք, որ 2023 թվականից մինչ օրս Արմանը հանդիսանում է նաև Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի իրավունքի միջազգայինացման և իրավահամեմատական ուսումնասիրությունների գիտահետազոտական խմբի գիտաշխատող։ Աշխատանքը ներառում է առանձին իրավական հիմնախնդիրների վերաբերյալ հետազոտությունների (ներառյալ համեմատական վերլուծության լույսի ներքո) իրականացումը, դրանց արդյունքների հրապարակումը։
2020 թվականի փետրվարից մինչև 2022 թվականի մայիս ամիսը նա աշխատել է նաև «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ում՝ որպես իրավաբանական վարչության մասնագետ (հետագայում առաջատար, ապա գլխավոր մասնագետ)։ Աշխատանքը ներառել է «ԱյԴի Բանկ» ՓԲԸ (Հայաստանում գործող առևտրային բանկ) շահերը ներկայացնելը դատարաններում և հանրային մարմինների առջև, իրավական փաստաթղթերի պատրաստումը (համաձայնություններ, հայցադիմումներ, դրանց պատասխաններ, միջնորդություններ, բողոքներ) և վերաբերելի իրավական հետազոտությունների իրականացումը։
2019 թվականին Արմանն իրավաբանական գործունեություն է ծավալել նաև «Վայզ Լո Ֆրմ» ՍՊԸ-ում, իսկ 2018 թվականին՝ «ՄՄ Լիգալ Աուտսորս» ՍՊԸ-ում։
Կրթությունը և վերապատրաստումները
Արմանը իրավագիտության բակալավրի իր աստիճանը ստացել է Հայաստանում ֆրանսիական համալսարանից 2016 թվականին՝ ձեռք բերելով ֆրանսիական պետական նմուշի դիպլոմ Ժան-Մուլեն Լիոն 3 համալսարանից և հայկական՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանից։
Նույն շրջանում նա ուսանել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում՝ 2017 թվականին ձեռք բերելով նաև կառավարման բակալավրի աստիճան։
Այնուհետ նա նաև ձեռք է բերել իրավագիտության մագիստրոսի աստիճան (գերազանցության դիպլոմ) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայում (2016-2018 թվականներ)։
Մագիստրատուրայում ուսմանը զուգահեռ, նա նաև ավարտել է Հայաստանի Հանրապետության փաստաբանական ակադեմիան (2016-2017 թվականներ), որպես արտոնագրի տրամադրման գործընթացի պարտադիր մաս։ Այնուհետ, նա հաջողությամբ հանձնել է որակավորման քննությունները՝ ստանալով փաստաբանական գործունեության արտոնագիր։
Հայաստանում եվրոպական համալսարանի ասպիրանտուրայում ուսումնառությունն ավարտելուց հետո (2018-2021 թվականներ) նա Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման կոմիտեի (Իրավագիտություն-063) մասնագիտական խորհրդի առջև հաջողությամբ պաշտպանել է իր թեկնածուական ատենախոսությունը՝ 2021 թվականին ստանալով իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
Նշենք, որ Արմանն ստացել է նաև սնանկության գործերով կառավարչի որակավորում (Որակավորման համար 004-18, շնորհվել է 2018 թվականի դեկտեմբերի 25-ին՝ անժամկետ)։