Բանկային հաշիվների բացման անհրաժեշտությունը և ընթացակարգային առանձնահատկությունները Հայաստանում
Ներածություն
Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր պետության ֆինանսատնտեսական աճն ու զարգացումն առանցքային դեր է խաղում հասարակության ընդհանուր կենսապայմանների ձևավորման և բարելավման գործում։ Այս տեսանկյունից՝ ՄԱԿ-ը մշակել է մի հետաքրքիր չափման համակարգ՝ մարդկային զարգացման ինդեքսը, որը ցույց է տալիս, թե որքանով է հասարակության սոցիալ-կենցաղային դրությունը կախված երկրի ֆինանսատնտեսական իրավիճակից։ Թեև 2023թ․-ի տվյալներով՝ այս ինդեքսի համաձայն, օրինակ՝ Ավստրալիան, Շվեդիան, Նիդերլանդները, Գերմանիան և Նորվեգիան գտնվում են աշխարհի թե՛ սոցիալապես, թե՛ տնտեսապես ամենազարգացած երկրների թոփ տասնյակում, սակայն նույն թվականի մեկ այլ՝ ընդհանուր անվտանգության ինդեքսավորման համաձայն՝ այս պետություններից և ոչ մեկը չի մտնում ամենաանվտանգ երկրների թոփ տասնյակում՝ հանցագործությունների համեմատաբար բարձր մակարդակ ունենալու պատճառով։
Այս ամենից ի վերջո կարելի է անել մեկ հետևություն՝ որքան էլ պետությունն ունենա կայուն ֆինանսատնտեսական հիմքեր և ապահովված հասարակություն, միևնույնն է յուրաքանչյուր անձ՝ իր սեփականության և ունեցվածքի անվտանգությունն ապահովելու համար պետք է ձեռնարկի որոշակի քայլեր։ Դե իհարկե, այդ քայլերից ամենաառաջնայիններից մեկը դրամական ռեսուրսների անվտանգությունն ապահովելն է, ինչը, բարեբախտաբար, մեր օրերում շատ արդյունավետ կերպով կարելի է կազմակերպել մի շարք բանկերի կողմից տրամադրվող ծառայությունների շնորհիվ։
Երբ խոսքը գնում է ֆինանսական միջոցների անվտանգության ապահովման և ինչու ոչ՝ նաև դրանց արդյունավետ և անխափան օգտագործման մասին, առաջին հերթին պետք է դիտարկել տարբեր բանկային հաշիվների բացման հնարավորության առկայությունը։
Ստորև կհասկանանք, թե ինչ է իրենից ներկայացնում բանկային հաշիվը և կփորձենք հակիրճ կերպով ներկայացնել մի շարք առանձնահատկություններ կապված բանկային հաշիվների բացման գործընթացի հետ, մասնավորապես՝
Ի՞նչ է իրենից ներկայացնում բանկային հաշիվը և ի՞նչ տեսակի բանկային հաշիվներ կարող են բացվել Հայաստանում,
Բանկային հաշվի բացման ընթացակարգը ՀՀ բանկերում,
Բանկային հաշիվների բացման համար անհրաժեշտ փաստաթղթերը և բացման պայմանները,
Որքա՞ն է բանկային հաշվի բացման արժեքը,
Ինչպե՞ս փակել բանկային հաշիվը։
Հակիրճ նկարագրություն
Անկախ երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակից՝ մեր օրերում յուրաքանչյուրիս համար անհրաժեշտություն է ֆինանսական միջոցների անվտանգության ապահովման քայլեր ձեռնարկելը, ինչը շատ արդյունավետ կերպով կարելի է կազմակերպել մի շարք բանկերի կողմից տրամադրվող ծառայությունների շնորհիվ։
Ինչպիսի՞ բանկեր են գործում Հայաստանում
Հայաստանում գործող այժմյան բանկային համակարգը կարելի է դասակարգել ըստ բանկի ծագման տարածաշրջանի՝ ներհանրապետական և օտարերկրյա բանկերի ներկայացուցչություններ։ Ըստ ՀՀ կենտրոնական բանկի 2023 թվականի տվյալների՝ Հայաստանում գործող ներհանրապետական բանկերը թվով 18-ն են, այդ թվում՝ դեռևս 1991թ․-ից գործող «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ն, «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն, «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն, «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ-Ն և նորաբաց՝ 2022թ․-ին լիցենզավորված «ՖԱՍԹ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն։ Ինչ վերաբերում է օտարերկրյա բանկերի ներկայացուցչություններին, այդպիսիք են՝ «Բիբլոս» բանկը, որը հանդիսանում է լիբանանյան «Բիբլոս» բանկի ներկայացուցչությունը ՀՀ-ում, «ՎՏԲ-Հայաստան» բանկը, որը հանդիսանում է ռուսական ՎՏԲ Բանկ ՀԲԸ -ի դուստր կազմակերպությունը Հայաստանում, «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ը, որը հանդիսանում է հոնկոնգյան HSBC Holding PLC-ի ներկայացուցիչը Հայաստանում և «Մելլաթ» բանկը, որը հիմնադրվել է ի նշան հայ – իրանական բարեկամության և համագործակցության, և հանդիսանում է իրանական «Մելլաթ բանկ» ՓԲԸ-ի մասնաճյուղը ՀՀ-ում։
Հակիրճ նկարագրություն
Այժմ Հայաստանում գործող բոլոր 18 բանկերն էլ վերահսկվում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից։
Բանկային ծառայությունները Հայաստանում
Հայաստանում բանկային հաշիվներ կարող են բացել թե՛ ֆիզիկական անձինք, թե՛ իրավաբանական, այդ թվում՝ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ, որոնց առաջարկվում է բանկային բազմատեսակ և նորարարական ծառայությունների լայն ընտրանի։ Այն հնարավորություն է ընձեռնում մատչելի և ճկուն համակարգերի շնորհիվ արդյունավետորեն տնօրինել դրամական ռեսուրսները, և ինչու ոչ՝ նաև օգտվել որոշակի առավելություններից։ Կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ներկայումս Հայաստանում գործող բանկերի կողմից մատուցվող բանկային ծառայությունների հնարավորինս համալիր ցանկը․
Տարատեսակ բանկային հաշիվների բացում՝ տարբեր արժույթներով,
Դեբետային, վարկային և այլ տեսակի քարտերի, այդ թվում նաև՝ միջազգային բանկոմատային քարտերի տրամադրում,
Վարկային ծառայություններ,
Ավանդների ընդունում,
Կանխիկ և անկանխիկ փոխանցումներ,
Այլ մասնագիտացված ծառայությունների տրամադրում։
Ի տարբերություն այլ երկրների, Հայաստանի օրենսդրությամբ կարգավորված է, թե ինչ ծառայություններ են մատուցում բանկերը, այդ ծառայությունների շրջանակում դրանց թույլատրելի առավելագույն և նվազագույն կիրառվող տոկոսադրույքները և գործընթացները, որոնցով անցնելով բանկերը կարող են տրամադրել իրենց ծառայությունները։ Կարգավորվելով այս ամենը՝ Հայաստանը երաշխիքներ է ստեղծում հաճախորդների իրավունքների պաշտպանությունն ապահովելու համար։ Այնուամենայնիվ, ցանկացած բանկային ծառայության մատուցման կոնկրետ պայմանները, սակագները և ընթացակարգը կախված են տարբեր գործոններից, մասնավորապես՝ տվյալ բանկի որդեգրած գործելակերպից, ներքին կանոնակարգերից, ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավական առանձնահատկություններից, ինպես նաև՝ Հայաստանում ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ լինելու փաստից։
Հակիրճ նկարագրություն
Հայաստանյան բանկերի կողմից տրամադրվող ծառայությունները՝ բանկային հաշիվների բացումից մինչև վարկային ծառայություններ և ավանդների ընդունում, ունեն իրենց հստակ օրինակարգավորումները, ինչը հավելյալ երաշխիքներ է տրամադրում հաճախորդների իրավունքների պաշտպանությունն ապահովելու համար։
Բանկային քարտերը Հայաստանում
(Visa, MasterCard, American Express)
Բանկային հաշիվների արդյունավետ շահագործումն անմիջականորեն կախված է տվյալ երկրում գործող քարտային և վճարահաշվարկային համակարգերի բազմազանությունից, քանի որ բանկային հաշիվները, կցված լինելով բանկային քարտին, հնարավորություն են տալիս կատարելու ակնթարթային անհպում վճարումներ, արագ դրամական փոխանցումներ և շատ այլ գործառնություններ, որոնք խնայում են և՛ ժամանակը, և՛ ռեսուրսները։ Ներկա պահին Հայաստանում գործող բանկերի կողմից թողարկվում և սպասարկվում են մի շարք դեբետային՝ վճարահաշվարկային և կրեդիտային՝ վարկային քարտեր, այդ թվում՝ Arca, Visa, MasterCard, AMEX, Diners Club և այլ քարտեր, որոնց մասին մանրամասն կխոսենք ստորև։
ԱրՔա (ArCa) ազգային վճարային համակարգ
ArCa վճարային համակարգի շրջանակներում ՀՀ բանկերի կողմից թողարկվող քարտերը նախատեսված են լոկալ վճարումների համար, այսինքն՝ այս քարտերը հնարավոր է օգտագործել միայն Հայաստանի տարածքում։ ArCa վճարային քարտերը հնարավորություն են տալիս կատարելու վճարումներ ՀՀ տարածքում գործող առևտրի և սպասարկման կետերում, դրամական միջոցներ կանխիկացնել ՀՀ-ում գործող ATM-ներից, օնլայն գնումներ և վճարումներ կատարել ArCa տարբերանշանը կրող ինտերնետային կայքերում, ինչպես նաև իրականացնելու կոմունալ վճարումներ, փոխանցումներ և մի շարք այլ վճարումներ։
Նշենք նաև, որ 2017 թվականից սկսած «ԱրՔա» եւ ռուսական «ՄԻՌ» վճարային համակարգերի համագործակցության արդյունքում, «ԱրՔա» քարտերը կարող են սպասարկվել Ռուսաստանի Դաշնությունում, իսկ ռուսական «ՄԻՌ» քարտերը՝ «ԱրՔա» համակարգի ենթակառուցվածքում:
Visa քարտերը Հայաստանում
Visa վճարային համակարգի շրջանակներում Հայաստանի բանկերի կողմից թողարկվող քարտերը տալիս են բազմաթիվ արտոնություններ ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում, ներառյալ՝ քարտատիրոջ և նրա ընտանիքի անդամների ճամփորդական ապահովագրությունը, գնումների ապահովագրությունը, կոնսիերժ ծառայությունները, անվճար մուտք ավելի քան 1,000 օդանավակայանների բիզնես սպասասրահներ աշխարհի 450-ից ավելի քաղաքներում, Speed Pass ծառայություններ, ավելի քան 900 լյուքս դասի շքեղ հյուրանոցներում VIP հյուրի կարգավիճակ և բազմաթիվ այլ արտոնություններ: Ավելին, Visa համակարգում թողարկվող վճարային քարտերը կարող են միաժամանակ օգտագործվել նաև որպես վարկային քարտեր, իսկ որոշակի փաթեթներից օգտվող քարտապանների համար բանկերը սահմանում են արտոնյալ պայմաններով վարկային սահմանաչափեր։
Ներկայումս բավական տարածված են նաև Visa վճարային համակարգի շրջանակներում թողարկվող թվային՝ digital քարտերը, որոնք ունեն բազմաթիվ առավելություններ, այդ թվում՝ քարտի թողարկումն ու տրամադրումը կատարվում է անհամեմատ արագ, բացման համար որպես կանոն միջնորդավճար չի գանձվում, իսկ քարտի կորստի կամ վնասման հավանականությունը հավասար է զրոյի, քանի որ այն նյութապես չի տրամադրվում քարտապաններին, այլ մշտապես գտնվում է նրանց բջջային հավելվածում։
MasterCard քարտերը Հայաստանում
MasterCard վճարային համակարգի շրջանակներում Հայաստանի բանկերի կողմից թողարկվող քարտերը հանդիսանում են միջազգային վճարահաշվարկային համակարգի պրեմիում դասի չիպային քարտեր, որոնք ունեն դրամական միջոցների անվտանգության ապահովման բարձր մակարդակ և օժտված են ժամանակակից տեխնոլոգիաներով: Քարտի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն հասանելի է օրվա բոլոր ժամերին և աշխարհի ցանկացած կետում։ Քարտապանները հնարավորություն են ստանում MasetCard տարբերանշանը կրող աշխարհի ցանկացած վայրում գտնվող բանկոմատներից կատարել կանխիկացում, ինչպես նաև՝ բազմաթիվ անկանխիկ վճարումներ, մի շարք արտոնյալ պայմաններով նախապես կատարելու թռիչքների, հյուրանոցային համարների և ավտոմեքենաների ամրագրում։
American Express քարտերը Հայաստանում
Հայաստանում թողարկվում է նաև American Express վճարային համակարգի քարտեր, որով կարելի է կատարել վճարահաշվարկային գործառնություններ աշխարհի ավելի քան 200 երկրներում։ Հայաստանում թողարկվում են American Express Gold, Blue և Cashback տեսակի քարտերը, որոնք առաջարկում են ապահովագրական ծառայությունների լայն փաթեթ, այդ թվում՝ բժշկական, ճանապարհորդական և գնումների (քարտապանների կողմից կատարված գնումները պաշտպանված են գնային տատանումներից, առաքման ընթացքում վնասվելուց կամ կորստից, ինչպես նաև գնման պահից 120 օրերի ընթացքում ապահովագրված են վնասվելուց կամ գողությունից, ավելին՝ առևտրի կետի կողմից տրամադրված երաշխիքային ժամկետը կրկնապատկվում է, եթե գնումը կատարվել է American Express քարտով)։ Նշենք նաև, որ American Express քարտ ունեցողներին անվճար հիմունքներով տրամադրվում են նաև կից քարտեր, որոնցով նրանց հարազատները ևս կարող են օգտվել այն բոլոր արտոնություններից, ինչ հիմնական քարտապանը։ Այն հնարավորություն է տալիս նաև ունենալ priority pass քարտ, որով հնարավոր կլինի ստանալ ծառայություններ աշխարհի ավելի քան 1200 օդանավակայանների VIP սրահներում։
Հակիրճ նկարագրություն
Ներկա պահին Հայաստանում թողարկվում և սպասարկվում են աշխարհին հայտնի մի շարք վճարահաշվարկային քարտեր, այդ թվում՝ Arca, Visa, MasterCard, AMEX, Diners Club, American Express և այլն:
Վճարահաշվարկային համակարգերը Հայաստանում
Ինչ վերաբերում է վճարահաշվարկային համակարգերին, ապա դրանք օգտագործվում են հիմնականում ֆիզիկական անձանց կողմից առանց բանկային հաշվի բացման արագ դրամական փոխանցումներ կատարելու նպատակով։ Ներկա դրությամբ Հայաստանում գործող ամենաարդյունավետ վճարային համակարգերը հետևյալն են․
Moneytun – այս արագ դրամական փոխանցումների համակարգը հարմար է Հայաստանից դեպի ԱՄՆ, Չինաստան և հակառակ ուղղությամբ դոլարային փոխանցումներ կատարելու և ստանալու համար։ ԱՄՆ-ում համակարգը սպասարկվում է Կալիֆոռնիա և Նևադա նահանգներում։ Դեպի Չինաստան փոխանցումները իրականացվում են China Union Pay Card-ին մուտքագրման միջոցով:
IntelExpress - դրամական փոխանցումների այս համակարգը լայն տարածում ունի ամբողջ ԱՊՀ տարածքում, ինչպես նաև բազմաթիվ այլ երկրներում։
Ria Money Transfer - արագ դրամական փոխանցումների այս համակարգը գործում է աշխարհի 182 երկրներում։ Այն պարզ, արագ և ապահով համակարգ է եվրոյով և ԱՄՆ դոլարով փոխանցումների համար։ Միջնորդավճարը գանձվում է միայն ուղարկողից ՀՀ դրամով, տվյալ օրվա ՀՀ Կենտրոնական բանկի սահմանված փոխարժեքով:
MoneyGram - արագ դրամական փոխանցումների այս համակարգը գործում է աշխարհի 192 երկրներում։ Բացի ամբողջ աշխարհում փոխանցումներից համակարգն առաջարկում է նաև Հայաստանից ԱՄՆ-ում գտնվող հաշիվների վճարում։ MoneyGram International ընկերությունը դրամական փոխանցումների ոլորտում միջազգային առաջատար ընկերություններից է։
PayPal – այս համակարգը թեև ամբողջությամբ չի հանդիսանում առանց հաշվի բացման աշխատող վճարային համակարգ, սակայն համարվում է խոշորագույն դեբետային էլեկտրոնային վճարումների համակարգն աշխարհում, որը հնարավորություն է տալիս իր հաճախորդներին կատարելու տարբեր վճարումներ և փոխանցումներ աշխարհի ցանկացած վայրից․ անհրաժեշտ է պարզապես էլեկտրոնային հասցեին կցել ցանկացած վճարային քարտ։ Ցավոք Հայաստանում դեռևս չկա հնարավորություն բացելու այս վճարային համակարգին կից էլեկտրոնային դրամապանակ, որի միջոցով հնարավոր կլինի ստանալ փոխանցումներ։ Այնուամենայնիվ, արդեն իսկ բացված PayPal համակարգով հնարավոր է կատարել ցանկացած տեսակի վճարումներ և փոխանցումներ։ Նշենք, որ ՌԴ քաղաքացիները ևս Հայաստանում կարող են օգտվել այս վճարային համակարգից, քանի որ վերջին աշխարհաքաղաքական զարգացումների հետևանքով PayPal-ը սահմանափակել է իր համակարգի հասանելիությունը Ռուսաստանում բնակվող քաղաքացիների և օտարերկրացիների համար։
Հակիրճ նկարագրություն
Վերջին տարիներին Հայաստանում մեծ տարածում են գտել արագ դրամական փոխանցումների կատարման համար նախատեսված այնպիսի վճարահաշվարկային համակարգերը, ինչպիսիք են՝ Moneytun-ը, IntelExpress-ը, Ria Money Transfer-ը, MoneyGram-ը, Paypal-ը և այլն։