Օտարերկրացիների համար բանկային հաշիվների բացման ընթացակարգերը Հայաստանում (2025)

Այս հոդվածը թարմացվել է

 

Process of opening a bank account in Armenia for foreigners - a group of happy people

Օտարերկրացիների կողմից 2025թ․-ին Հայաստանում բանկային հաշիվ բացելու առավելությունները

Եթե դուք օտարերկրյա քաղաքացի եք, ով բնակվում է կամ մտադիր է բնակվել Հայաստանում, ինչպես նաև՝ եթե նախագծում եք սկսելու կամ տեղափոխելու ձեր բիզնեսը Հայաստան, ապա 2025 թվականին Հայաստանում բանկային հաշիվ բացելը՝ հիանալի որոշում է ձեր ֆինանսական կայունության և բիզնեսի զարգացման համար: Օտարերկրացիների կողմից Հայաստանում բանկային հաշվի բացումն ունի մի շարք առավելություններ, որոնց թիվն էլ ավելի է աճել վերջին տարիներին, մասնավորապես՝

  • · Բանկային հաշվի բացման հնարավորինս պարզեցված ընթացակարգ,

  • Բանկային գործարքների և հաշվի սպասարկման ցածր միջնորդավճարներ,

  • Կայուն և անվտանգ բանկային համակարգ,

  • Միջազգային դրամական փոխանցումների, արտարժույթային հաշիվների և օնլայն բանկինգի ճկուն հնարավորություններ,

  • Ներդրումային հնարավորություններ տնտեսության զարգացող ոլորտներում՝ անշարժ գույք և ՏՏ,

  • Հարկային առավելություններ՝ բարենպաստ հարկային քաղաքականություն հատկապես ՏՏ ոլորտում,

  • Տարբեր արժույթներով հաշիվներ ունենալու հնարավորություն,

  • Վարկերի հասանելիություն՝ սպառողական, հիփոթեքային և այլ վարկեր, ինչպես նաև՝ վարկային գծով քարտերի տրամադրում,

  • Բանկային պահոցներ՝ արժեքավոր իրերի և փաստաթղթերի անվտանգ պահպանություն բանկի կողմից։

Նշենք նաև, որ եթե մտադիր եք Հայաստանում բիզնես գործունեություն սկսել 2025 թվականին, ապա ընկերությունների հիմնադրման գործընթացը դյուրին է և անվճար, իսկ ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձի համար բանկային հաշիվ բացելու գործընթացն էլ ավելի պարզ է և արագ։

Այսպիսով՝ Հայաստանում բացված բանկային հաշիվը ոչ միայն կապահովի ձեր ֆինանսական կայունությունն 2025 թվականին, այլ նաև կբացի ձեր առաջ զարգացման հնարավորությունների լայն հորիզոն։

Օտարերկրյա քաղաքացիություն ունեցող անձանց համար հեռավար հաշիվների բացման ընթացակարգը

Հեռավար հաշիվների բացման ընթացակարգը կարող է ժամանակ խնայել ոչ միայն ՀՀ քաղաքացիների համար, այլ նաև մի շարք հարմարություններ առաջարկել օտարերկրյա քաղաքացիներին, ովքեր կարող են բանկային հաշիվ բացել Հայաստանում՝ անձամբ գտնվելով արտերկրում։ Մասնավորապես՝ հեռավար կամ օնլայն կարգով բանկային հաշվի բացումն իրականացվում է հետևյալ պարզ քայլերի միջոցով՝

  1. Մուտք գործելով ձեր նախընտրած բանկի ինտերնետային կայք էջը՝ անհրաժեշտ է համապատասխան պատուհանում լրացնել և ներկայացնել բանկային հաշվի բացման համար նախատեսված հայտը, որին կից բանկը կպահանջի ուղարկել անհրաժեշտ փաստաթղթերը (օրինակ՝ անձը հաստատող փաստաթղթի լուսապատճենը) համապատասխան էլեկտրոնային հասցեին։

  2. Այս փուլում բանկերի մեծ մասը, ուսումնասիրելով ներկայացված փաստաթղթերը, առաջարկում են նույնականացում անցնելու համար նախընտրելի ժամ և էլեկտրոնային հարթակ՝ նույնականացման տեսազանգ իրականացնելու նպատակով։ Նույնականացումից հետո բանկը կարող է պահանջել ներկայացնելու այլ փաստաթղթեր ևս։

  3. Նույնականացումը բարեհաջող անցնելուց հետո որոշ բանկեր կարող են պահանջել որոշակի քանակով գումար փոխանցել բացվող բանկային հաշվին, որպեսզի այն ակտիվանա։ Դրանից հետո բանկի հետ հեռավար կարգով կնքված բոլոր պայմանագրերը բանկը կուղարկի նշված էլեկտրոնային հասցեին, որտեղ առկա տվյալների համաձայն հնարավորություն կստեղծվի անվճար օգտվելու տվյալ բանկի օնլայն բանկինգի հավելվածից։

Նշենք նաև, որ շատ բանկեր՝ ելնելով սպասարկման մասնաճյուղերում առկա ծանրաբեռնվածությունից, առաջարկում են հեռավար կարգով բանկային հաշիվների բացման ավելի մատչելի պայմաններ, օրինակ՝ նույն տեսակի բանկային հաշվի բացումն օնլայն կարգով կարող է լինել անվճար, իսկ բանկ այցելելու դեպքում կգանձվի հաշվի բացման միջնորդավճար։

Հակիրճ նկարագրություն

Հեռավար կարգով հաշիվներ կարող են բացել ոչ միայն ՀՀ քաղաքացիները, այլ նաև օտարերկրացիները, ընդ որում՝ այս ընթացակարգը պարզ է, արագ և շատ հաճախ անվճար։

Որքա՞ն է բանկային հաշվի բացման արժեքը

Disclaimer:Ստորև ներկայացվող սակագները վերցված են Հայաստանում գործող տարբեր բանկերի ինտերնետային կայքէջերից, ուստի՝ դրանք միջինացված են, մոտավոր և ենթակա են փոփոխությունների։

Հաշվի տեսակը

Ռեզիդենտ

Ոչ ռեզիդենտ

Ընթացիկ հաշիվ

Բացում՝ անվճար

Սպասարկում՝ անվճար

Առաջին հաշվի բացում՝ 10․000 – 15․000 ՀՀ դրամ, դրանից հետո՝ որոշ բանկերում անվճար

Հաշվի սպասարկում՝ ամսեկան անվճար կամ 1000 ՀՀ դրամ

Խնայողական հաշիվ

Բացում՝ 2000 ՀՀ դրամ կամ անվճար

Առցանց բացում՝ անվճար

Սպասարկում՝ անվճար

Բացում՝ 2000 ՀՀ դրամից մինչև 20․000 ՀՀ դրամ և ավելի

Սպասարկում՝ անվճար, իսկ հաշվի օրական մնացորդը 50․000 ՀՀ դրամից պակաս լինելու դեպքում՝ 1000 ՀՀ դրամ յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի համար

Էսքրոու հաշիվ

Բացում՝ անվճար կամ տոկոսային՝ ըստ մուտքագրված գումարի, նվազագույնը՝ 50․000 ՀՀ դրամ

Սպասարկում՝ տոկոսային

ՀՀ-ումգրանցվածանշարժգույքիկամտրանսպորտայինմիջոցիառուվաճառքի դեպքում՝ 40․000 ՀՀ դրամից մինչև 1․000․000 ՀՀ դրամ

Սպասարկում՝ տոկոսային

Առարկայազուրկ մետաղական հաշիվ

Բացում՝ անվճար

Տարեկան սպասարկում՝ 1000 ՀՀ դրամ

Հաշվի բացում՝ անվճար, որոշ բանկերում՝ մինչև 20․000 ՀՀ դրամ

Սպասարկում՝ 5000 – 20․000 ՀՀ դրամ

Սոց․փաթեթի հաշիվ

Բացում՝ անվճար

Սպասարկում՝ անվճար

-

Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար բանկային հաշիվների բացման ընթացակարգը Հայաստանում

Ռուսաստանի Դաշնության պետական վիճակագրական ծառայության տվյալների համաձայն միայն 2022 թվականին Հայաստան է տեղափոխվել մոտ 49․000 ՌԴ քաղաքացի, իսկ 2023 թվականի տվյալներով Հայաստանում բացվել է ավելի քան 3400 ռուսական ծագում ունեցող ընկերություն։ Ելնելով վերոգրյալից՝ ակնհայտ է, որ աշխատանքային կամ կենցաղային պահանջմունքներով պայմանավորված՝ ներկայումս մեծ թվով ՌԴ քաղաքացիներ ունեն բանկային հաշիվներով գործարքներ կատարելու անհրաժեշտություն։ Ի մի բերելով այն բոլոր տվյալներն ու առանձնահատկությունները, որոնք պահանջվում են ՌԴ քաղաքացիներից հայաստանյան բանկերում բանկային հաշիվներ բացելու համար՝ ստորև ներկայացնում ենք այն փաստաթղթերի ցանկը, որոնք ՌԴ քաղաքացիները պետք է ներկայացնեն բանկ՝ համապատասխան բանկային հաշիվը բացելու համար․

  1. Անձը հաստատող փաստաթուղթ (բանկերի մեծ մասն ընդունելի է համարում բնօրինակի ներկայացումը, սակայն չի բացառվում նաև, որ որոշ բանկեր պահանջեն ներկայացնել նոտարական կնիքով հաստատված թարգմանությունը),

  2. Հայաստանում բնակվելու բուն նպատակը, այսինքն՝ ինչումն է կայանում անձի շահի կենտրոնը, որը կարող է հավաստվել հետևյալով՝

  • սեփականության իրավունքով Հայաստանում գույք ունենալու դեպքում՝ գույքի սեփականության վկայականի պատճենը,

  • վարձակալությամբ բնակվելու դեպքում՝ վարձակալության պայմանագիրը, բացակայության դեպքում՝ տվյալ բնակարանի հասցեով կատարված կոմունալ վճարումների անդորրագրերը,

3․ Հայաստանում եկամուտ ունենալու դեպքում՝ տվյալ եկամտի աղբյուրը հավաստող փաստաթուղթ։

Այսինքն՝ հիմնականում անհրաժեշտ է ուշադրություն դարձնել Հայաստանում բնակություն հաստատելու նպատակին, շահը հավաստող փաստաթղթերի և եկամտի աղբյուրը հավաստող փատաթղթերի առկայությանը։

Հավելենք, որ բանկերի մեծ մասում յուրաքանչյուր տեսակի բանկային հաշիվ բացելու համար ՌԴ քաղաքացիներից կարող է գանձվել 20.000 և ավել ՀՀ դրամ գումար՝ որպես հաշվի բացման միջնորդավճար։

Հակիրճ նկարագրություն

ՌԴ քաղաքացիները Հայաստանում բանկային հաշիվ բացելու համար պետք է ներկայացնեն ՀՀ-ում բնակություն հաստատելու նպատակը, շահը և եկամտի աղբյուրը հավաստող փատաթղթեր։

Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների համար բանկային հաշիվների բացման ընթացակարգը Հայաստանում

Դեռևս 2016 թվականին Իրանի և Հայաստանի միջև պարտադիր վիզային ռեժիմի դադարեցումը նպաստեց երկու երկրների տնտեսության, բարեկամական հարաբերությունների, աշխատաշուկայի և զբոսաշրջության զարգացմանը (օրինակ՝ 2022 թվականի տվյալներով Հայաստան է այցելել շուրջ 25․458 Իրանի քաղաքացի)։ Ելնելով այն հանգամանքից, որ մեծ թվով իրանցիներ ևս նախընտրում են իրենց կյանքն ու կարիերան շարունակել Հայաստանում՝ ստորև կներկայացնենք այն փաստաթղթերի ցանկը, որն անհրաժեշտ է Իրանի քաղաքացիների համար հայաստանյան բանկերում բանկային հաշիվներ բացելու և տարատեսակ դրամական գործառնություններ կատարելու համար․

  1. Անձը հաստատող փաստաթուղթ (բանկերի մեծ մասը պահանջում է ներկայացնել փաստաթղթի նոտարական կնիքով հաստատված թարգմանությունը),

  2. Հայաստանում բնակվելու համար տրամադրված կացության քարտը (որոշ բանկեր կարող են այս փաստաթուղթը պարտադիր համարել)

  3. Հայաստանում բնակվելու բուն նպատակը, այսինքն՝ ինչումն է կայանում անձի շահի կենտրոնը, որը կարող է հավաստվել հետևյալով՝

  • սեփականության իրավունքով Հայաստանում գույք ունենալու դեպքում՝ գույքի սեփականության վկայականի պատճենը,

  • վարձակալությամբ բնակվելու դեպքում՝ վարձակալության պայմանագիրը, բացակայության դեպքում՝ տվյալ բնակարանի հասցեով կատարված կոմունալ վճարումների անդորրագրերը,

  • աշխատանքի առկայության դեպքում՝ աշխատանքային պայմանագիրը կամ այլ քաղաքացիաիրավական պայմանագիր, որի հիմունքով անձն աշխատում է,

  • Հայաստանյան որևէ բանկում 60 և ավել տարով ներդրված ավանդ, որի նվազագույն չափը կազմում է 20.000 ԱՄՆ դոլար,

4. Հայաստանում եկամուտ ունենալու դեպքում՝ տվյալ եկամտի աղբյուրը հավաստող փաստաթուղթ։

Հարկ ենք համարում նշել, որ հայաստանյան որոշ բանկեր Իրանի քաղաքացիների համար բանկային հաշիվները բացում են միայն AMD արժույթով։

Հակիրճ նկարագրություն

Իրանի իսլամական հանրապետության քաղաքացիները Հայաստանում բանկային հաշիվ բացելու համար պետք է ներկայացնեն ՀՀ-ում բնակություն հաստատելու նպատակը, շահը և եկամտի աղբյուրը հավաստող փատաթղթեր։

Բնակության վայր

Բանկային հաշիվներ բացելիս շատ հաճախ բանկերը կարող են պահանջել գրանցման հասցե և սոցիալական քարտ, ինչը մեծամասամբ խնդիր չէ ՀՀ քաղաքացիների համար, սակայն ոչ ռեզիդենտ քաղաքացիներն այս իրավիճակում կարող են բախվել խոչընդոտների։ Նման դեպքերում Հայաստանի քաղաքացիություն չունեցող անձինք ազատ են տրամադրելու անգամ այն հյուրանոցի հասցեն և համարը, որտեղ ժամանակավոր բնակություն են հաստատել։ Իսկ ինչ վերաբերում է սոցիալական քարտի, նույն ինքը՝ հաշվառման համարանիշի ձեռբերմանը, ապա դա բնավ պարտադիր բնույթ չի կրում ՀՀ-ում, սակայն բանկային հաշիվների բացման պարագայում բանկերի մեծամասնությունը որպես անհրաժեշտ փաստաթուղթ պահանջում է նաև սոցիալական քարտը։ Սոցիալական քարտի տրամադրման համար պետք է պարզապես մոտենալ ՀՀ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ցանկացած մասնաճյուղ, որտեղ անձին կհատկացվի հանրային ծառայությունների համարանիշ։ Ծառայության արժեքը կազմում է 1000 ՀՀ դրամ, մոտավոր տևողությունը՝ 15 րոպե։

Հակիրճ նկարագրություն

ՀՀ հաշվառման համարանիշի ձեռքբերման արժեքը կազմում է 1000 ՀՀ դրամ, իսկ մոտավոր տևողությունը՝ 15 րոպե։

Ի՞նչքան տոկոս կարող եք վաստակել

Հարկ ենք համարում ևս մեկ անգամ նշել, որ Հայաստանում գործող բանկերում խնայողական հաշիվներ բացելու դեպքում և՛ ՀՀ ռեզիդենտները, և՛ ոչ ռեզիդենտները հնարավորություն ունեն ստանալու տարեկան մինչև 5 և ավելի տոկոսի չափով եկամուտ, որը հաշվարկվում է հաշվի վրա յուրաքանչյուր օրվա դրական մնացորդի հիման վրա։ Իսկ ամենակարևորն այն է, որ գրեթե բոլոր բանկերը տրամադրում են խնայողական հաշվի և դրա հիմքով կուտակված տոկոսագումարների երաշխավորություն, որի հատուցումը կատարվում է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից։

Ինչպե՞ս փակել բանկային հաշիվը

Հայաստանում գործող յուրաքանչյուր բանկի հաճախորդ իրավունք ունի ցանկացած ժամանակ փակելու իր բանկային հաշիվը՝ այդ մասին բանկին նախապես գրավոր ծանուցելով՝ օնլայն բանկինգի միջոցով կամ բանկի մասնաճյուղ մոտենալով, մինչ այդ մարելով բանկի նկատմամբ ունեցած իր բոլոր պարտավորությունները։ Փակվող հաշվի մնացորդը կարող է վճարվել հաճախորդին փակման պահին կանխիկ ձևով կամ վերջինիս ցուցումով փոխանցվել այլ հաշվի: Բացի հաճախորդի կողմից ներկայացված դիմումի հիմքով հաշվի փակման դեպքերի, բանկային հաշիվը կարող է փակվել նաև բանկի նախաձեռնությամբ հետևյալ դեպքերում՝

  • Բանկի նախաձեռնությամբ` հաշիվների և հաճախորդների բազայի մոնիթորինգի արդյունքների հիման վրա,

  • Բանկի նախաձեռնությամբ` նախորդ 12 ամիսների ընթացքում հաշվով շրջանառության բացակայության և զրոյական մնացորդի առկայության դեպքերում։

Հակիրճ նկարագրություն

Բանկային հաշիվները փակվում են հաճախորդի դիմումի հիման վրա կամ բանկի նախաձեռնությամբ։

Եզրակացություն

Ամփոփելով ներկա աշխարհաքաղաքական, ֆինանսատնտեսական և արդի մարտահրավերները՝ կարելի է եզրակացնել, որ բանկային հաշվի առկայությունը մեր օրերում բավական անհրաժեշտ է, և այդ անհրաժեշտությունը կայանում է ոչ միայն ֆինանսական միջոցների անվտանգության ապահովման մեջ, այլ նաև առօրյա գործարքներն ավելի հեշտ, արագ և արդյունավետ դարձնելու համար։ Թեև ներկայումս բանկերը նախաձեռնում են բավականաչափ միջոցներ՝ բանկային հաշիվների բացման գործընթացները պարզեցնելու համար, սակայն համապատասխան իրավական կարգավորումների իմացությունն այս ոլորտում ևս պարտադիր է։ Խոսքը գնում է մասնավորապես ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց, ինչպես նաև ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց մասին, քանի որ բանկերը, հիմք ընդունելով որոշակի անվտանգային նկատառումներ, ավելի բարձր պահանջներ են ներկայացնում այս սուբյեկտների խմբին՝ բանկային հաշիվների բացման համար։

Հարկ ենք համարում ևս մեկ անգամ շեշտելու այն փաստը, որ թե՛ ՀՀ քաղաքացիների և թե՛ օտարերկրացիների դրամական միջոցների շրջանառությունը ապահովագրված է ցանկացած տեսակի վտանգներից և կորուստներից, քանի որ Հայաստանում գործող ցանկացած բանկ կամ վճարահաշվարկային համակարգ, որը տրամադրում է դրամական գործարքներ կատարելու հնարավորություն՝ վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։ Այս առումով չենք կարող չանդրադառանալ այն հանգամանքին, որ աշխարհի մի շարք պետություններում գործող բանկեր և վճարային համակարգեր այժմ գտնվում են ծանրագույն սանկցիաների տակ, ինչը պարալիզացնում է հասարակ ֆիզիկական և իրավաբանական անձանց դրամական շրջանառությունն ու բիզնեսի զարգացման հնարավորություններն արտերկրում (օրինակ՝ վերջին ռազմաքաղաքական զարգացումների հետևանքով 2023թ․-ի վերջին եռամսյակի տվյալներով Ռուսաստանում գործող ավելի քան 36 բանկեր գտնվում են պատժամիջոցների ներքո, կամ Համաշխարհային բանկի վերջին մոնիթորինգի համաձայն՝ Իրանի դեմ կիրառված տնտեսական սանկցիաները վերջին 10 տարիների ընթացքում հանգեցրել են 10 մլն իրանցիների ծայրահեղ ունեզրկման

Ելնելով վերոգրյալից՝ կարող ենք եզրակացնել, որ օտարերկրացիների, և ինչու չէ նաև ՀՀ քաղաքացիների համար Հայաստանում գործող բանկերն ու վճարային համակարգերը կարող են լայն հեռանկարներ բացել թե՛ բիզնեսի զարգացման,և թե՛ առօրյա հոգսերի թեթևացման հարցում։ Հավաստիացնում ենք ձեզ, որ մեր պրոֆեսիոնալ իրավաբանները ամենասեղմ ժամկետներում կաջակցեն ձեզ՝ ընտրելու ձեր նպատակներին ամենահամապատասխան բանկը, բանկային հաշիվների, վճարային քարտերի և վճարահաշվարկային համակարգերի ամենաարդյունավետ տեսակները, իսկ բանկերի հետ ունեցած աշխատանքի ընթացքում կուտակած մեր տարիների փորձը խթան կհանդիսանա՝ հաշված ժամերի ընթացքում կազմակերպելու ձեր նախընտրած բանկային հաշվի բացման գործընթացը։

Հակիրճ նկարագրություն

Մեր պրոֆեսիոնալ իրավաբանների տարիների փորձը խթան կհանդիսանա հաշված ժամերի ընթացքում կազմակերպելու ձեր նախընտրած բանկային հաշվի բացման գործընթացը։

Navigated to Օտարերկրացիների համար բանկային հաշիվների բացման ընթացակարգերը Հայաստանում (2025)